«Ժնև-2»-ի ընթացքում սիրիական պատվիրակության ներկայացուցչի ասուլիսին լեզվակռիվ է տեղի ունեցել
Սիրիայի ընդդիմությանը հարող լրագրողի և երկրի պատվիրակության անդամի միջև մամուլի ասուլիսի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Սիրիայի պատվիրակության անդամ Սաֆի Այուշը «Ժնև-2» համաժողովի նիստից հետո ասուլիս է տվել լրագրողների համար, որոնք հետաքրքրվել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իշխանությունների դիրքորոշմամբ։
Նա հայտարարել է, որ սիրիական պատվիրակությունը Մոնտրյո է ժամանել հանուն սիրիացի ժողովրդի, և խնդրի կարգավորման կետերից մեկը նա համարել է երկրում ահաբեկչության դեմ պայքարը, որը տարածվել է «արևմտյան երկրների շնորհիվ»։
Դրան ի պատասխան սիրիացի լրագրող Հայվա Բուզոն, որը հարում է ընդդիմությանը, նրան մեղադրել է ստելու համար։
Ընդդիմադիր լրագրողը ձայնի բարձր տոնայնությամբ հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն իրականում խրախուսում է սպանություններն ու պատրաստ չէ նորմալ բանակցություններ վարել ընդդիմության հետ։
Կառավարության ներկայացուցիչն էլ իր հերթին նույն բարձր տոնայնությամբ հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչ ընդդիմության հետ երկխոսության մասին է խոսքը, քանի որ դրա ներկայացուցիչները ծախու երաժշտախմբի են նման՝ «ով ավելի շատ է վճարում, նրա համար էլ նվագում են»։










