ԱՄՆ-ում հաշմանդամներին կօգնեն կապիկները

12:22 • 22.01.14

Ամերիկյան Կենտուկի նահանգի իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել, համաձայն որի սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան որպես օգնական օգտագործել ոչ միայն շներին, այլև կապիկներին։ Պաշտոնյաների կարծիքով՝ կապիկներն այդ դերը նույնպես լավ կկատարեն, գրում է Вести-ն՝ վկայակոչելով Fox News-ին։

 

Գիտնականների կարծիքով, ովքեր կողմ են տվյալ օրինագծին, կապիկները հիանալի կկատարեն առօրյա շատ խնդիրներ, որոնք նրանց հաշմանդամ տերերն ի վիճակի չեն կատարել։ Օրինակ՝ միացնել լույսը, տեսասկավառակը տեղադրել կամ շրջել գրքի էջը։

 

Մասնագետները կարծում են, որ կապիկների գլխավոր առավելություններից է կյանքի տևողությունը, որը հասնում է մինչև 40 տարեկանի։ Այդպիսով՝ նրանց տերերը կարող են ընկեր ունենալ գրեթե ամբողջ կյանքի համար։ Հետաքրքրական է, որ կապիկներին որպես օգնական թույլ կտրվի օգտագործել միայն տանը։ Փողոցում և հասարակական վայրերում դա անելը կարգելվի։
 

ԱՄՆ-ում հաշմանդամներին կօգնեն կապիկները