2013թ-ին լրագրողների նկատմամբ բռնության, նրանց իրավունքների խախտման դեպքերն ավելացել են. Աշոտ Մելիքյան

12:57 • 23.01.14

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այսօր ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը, հայտարարեց, որ զեկույցն աննախադեպ է, քանի որ նման ծավալով զեկույց երբևէ չեն ունեցել, իսկ դա պայմանավորված է նրանով, որ 2013թ-ին արձանագրել են լրագրողների և լրատվամիջոցների ամենաշատ խախտումները՝ 77 դեպք, երբ խախտվել են լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները, որոնք նախորդ տարվա համեմատ 13-ով ավելին էին։


«2012-ին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտվել էին 64 դեպքով։ Նման աճը, երևի թե, ուներ պատճառ՝ փետրվարին նախագահական ընտրություններն էին, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու ընտրությունները, նաև տարին աշխույժ էր քաղաքացիների ակտիվիստների շարժման առումով, և բնական է, որ այս կարևոր իրադարությունները բերում էր լարվածության, որն էլ իր հերթին ճնշումների ավելացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ներկայացրեց արձանագրած խախտումները՝ ըստ ընդունված դասակարգման 2013թ-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 10 դեպք, այն դեպքում , երբ 2012թ-ի դրանք եղել են 4-ը, արձանագրվել են 57 ճնշումներ, մինչդեռ 2012-ին դրանք 37-ն են եղել, և տեղեկություն ստանալու իրավունքը խախտվել է 10 անգամ, իսկ 2012-ին այս ցուցանիշն ավելին է եղել՝ 22 դեպք։


«Մենք արձանագրում ենք, որ 2013-ին լրագրողները և լրատվամիջոցներն աշխատել են շատ ավելի անբարենպաստ պայմաններում, և շատ ավելի լարված է եղել, քան 2012թ-ին»,- ասաց նա և մանրամասներ ներկայացրեց։


«Նախագահական ընտրությունների օրը լրագրողի նկատմամբ երկու ֆիզիկական բռնություն է արձանագրվել և 4 խոչընդոտում լրագրողների նկատմամբ։ Խայտառակ ֆիզիկական բռնություն է եղել ավագանու թեկնածուի կողմից, 3 ֆիզիկական բռնություն (լրագրողի նկատմամբ – Tert.am) ակտիվիստների շարժման ժամանակ է արձանագրվել, և իրավապահների և ակտիվիստների ընդհարման ժամանակ տուժել էին նաև լրագրողները»,-ասաց նա։

Աշոտ Մելիքյանի խոսքով` 2013թ-ին ավելացել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների և եթե 2012թ-ին 17-ն էին, 13-ին դարձել է 24-ը։