Ո՛չ մի լարվածություն, ո՛չ մի խուճապ. սահմանամերձ Այգեպարում ու Ներքին Կարմիրաղբյուրում ամեն մարդ իր գործին է

18:23 • 23.01.14

Չնայած օրերս ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում կյանքը շարունակում է նույն հունով ընթանալ. ամեն ինչ հանգիստ է, լարվածություն չկա, ամեն մարդ իր գործին է, այս մասին Tert.am-ին փոխանցեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը՝ վստահեցնելով, որ ոչ մի խնդիր չկա:

 

«Չէ, չէ, լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքապահները լրիվ պատրաստ են, ամեն ինչն իր տեղում ա, ամեն ինչ իր ժամանակին հասցնում են, մեկին տասն էլ պատասխանում են»,- ասաց գյուղապետը և ավելացրեց. «Որ մեր հրամանատարը թույլ տա, հաստատ կմտնենք ու էդ գյուղերը վարի կտանք: Ո՞ւր ա, էդ պատերազմը սկսվի, գնանք դրանց վերացնենք, մեր սահմանն էլ ահագին դենը կգնա, ու կրակոց չենք լսի էլ»:

 


Հարցին, թե արդյոք բնակչության շրջանում խուճապ կա, Անդրանիկ Այդինյանը պատասխանեց. «Էն 1990-ական թվականներին, որ տանկը կրակել ա գյուղերի վրա, անգամ այդ ժամանակ խուճապ չի եղել, հիմա որտեղի՞ց պիտի լինի: Չէ, հերոս ժողովուրդ են, ծնողները հերոս էրեխեք են մեծացնում։ Իմ փոքր էրեխեքը արդեն գիտեն՝ թուրքերը փոքր տրամաչափի զենքով են կրակում, թե մեծ»:

 


Շարունակելով նկարագրել գյուղի ժողովրդին՝ գյուղապետն ընդգծեց. «Մեր գյուղի ժողովուրդը ռիսկով, դուխով ժողովուրդ է, ոչ մի խնդիր չկա: Էստեղ ենք ծնվել, էստեղ մեծացել, մեր հայրենիքը մեր սահմաններից ա սկսվում, եթե մեր հայրենիքը մենք չպաշտպանեք, ո՞վ պիտի պաշտպանի: Թուրքն ո՞ւմ շունն ա, որ մեզ վախեցնի»:

 


Նա նաև նկատեց, որ իրենց երեխաներին պաշտպանվել են սովորեցնում: «Մեզ համար դա խնդիր չի, թշնամու համար ա խնդիր, մեր տղաները լավ էլ տեղին հասցնում են, լավ զինվորներ ունենք, լավ էլ զինատեսակներ ունենք: Ամեն պահի պատրաստ են ամեն մի հրամանի»,- ասաց գյուղապետը և հպարտ տոնով ավելացրեց. «Հլա նպատակ ունենք դենը գնանք, մտնենք դրանց ջնջենք»:

 


Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց նաև սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Արմեն Կամենդատյանի հետ, ով ևս հավաստիացրեց, որ գյուղում հանգիստ վիճակ է:

 


«Նորմալ»,- ասաց գյուղապետը և հավատացնելու համար, որ ինչ ասում է, ճիշտ է, հեռախոսը փոխանցեց այդ պահին իր մոտ գտնվող լրագրողին՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նահապետյանին:

 


«Մենք այսօր խուճապահար եկանք , բայց պարզվեց միայն մենք ենք խուճապահար, բայց իրոք նման բան չկա, ով էլ խոսում էր, բոլորը հանգիստ են ու ասում են, թե ի՞նչ լուրեր են տարածվում, մենք մեզ համար ապրում ենք, ոչ մի խուճապ չկա, ոչ մի փախեփախ: Երբ եկա դեռ կրակոցներ կային»,- պատմեց Նաիրա Նահապետյանը:

 


Հիշեցնենք, որ Տավուշի մարզում մի քանի սահմանամերձ գյուղեր կան, որոնցում ադրբեջանական զինուժի նմանօրինակ կրակն արդեն սովորական բան է. ամսվա մեջ մի քանի անգամ կրակում են:

 


Ներքին Կարմիրաղբյուրում, ըստ գյուղապետի, այս տարի արդեն երկրորդ դեպքն է՝ առաջինը եղել է մոտ մեկ շաբաթ առաջ:

 


Այս գյուղում կրակոցներից առ այսօր վիրավորներ և զոհվածներ չեն եղել, բայց Արմեն Կամենդատյանը նշեց, որ իրենց մոտ էլ գյուղացիները վախենում են սահմանին մոտ հողատարածքները մշակել, անասուններին արածացնելու տանել հեռավոր արոտավայրեր: