Ուկրաինայի վարչապետին չեն հրավիրել Դավոս. ԶԼՄ-ներ
Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները հետ են կանչել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին ուղարկած հրավերը, ինչի մասին տեղեկացնում է rbc.ua կայքը։
Նշվում է, որ ուկրաինական կողմին բոյկոտը պայմանավորված է մայրաքաղաք Կիևում բռնության դեպքերի աճով։ BuzzFeed պորտալը հայտնում է, որ Ազարովի հրավերը հետ կանչելու պատճառը նաև այն է, որ կառավարությունն ու նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել են պատասխանատվություն ստանձնել Կիևում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 2 մարդու սպանության համար։
Սակայն Դավոսի համաժողովի մամուլի քարտուղարը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Աղբյուրը հաղորդում է, որ Ազարովը, այնուամենայնիվ արդեն ժամանել է Դավոս։










