Թաիլանդցի ցուցարարները պարգև են խոստացել վարչապետին բռնելու դիմաց

10:48 • 23.01.14

Թաիլանդի ընդդիմությունը պարգև է սահմանել այդ երկրի վարչապետի պաշտոնակատար Յինգլաք Չինավաթին բռնելու դիմաց, հայտնում է Взгляд-ը:

 

Նմանապես պարգև է խոստացվել նաև ոստիկանության գլխավոր վարչության պետի և Խաղաղության պահպանման կենտրոնի ղեկավարին բռնելու համար:

 

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել «Ուսանողները և ժողովուրդը` հանուն Թաիլանդի ժողովրդավարական բարեփոխման» արմատական շարժումը: Նրանք նշված պաշտոնյաներին մեղադրում են «Բանգկոկում չարդարացված արտակարգ իրավիճակ սահմանելու» համար: Շարժումը նշել է, որ խոսքը նրանց բռնելու և իրենց տրամադրելու մասին է:

 

Բանգկոկում 60-օրյա արտակարգ դրություն է սահմանվել, որի նպատակը փետրվարի 2-ի արտահերթ ընտրություններին անվտանգության ապահովումն է` տևական ժամանակ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին: Վերջիններիս նպատակը գործող իշխանությունների հրաժարականն է: