Էլթոն Ջոնն առաջարկել է ծանոթացնել Պուտինին ռուս միասեռականների հետ
Հայտնի բրիտանացի երաժիշտ, հեղինակ և կատարող Էլթոն Ջոնը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս տված հարցազրույցին, երբ նախագահը բրիտանացի երգչին անվանել է տաղանդավոր մարդ և երաժիշտ, ում, անկախ «իր կողմնորոշումից», Ռուսաստանում անկեղծ սիրում են միլիոնավոր մարդիկ։
Երաժիշտը պատասխանել է, որ Ռուսաստանում ընդունված օրենքը, որն արգելում է միասեռականության քարոզչությունը, «նպաստում է տգիտությանը» և շատ վտանգավոր է ռուս միասեռականների համար, գրում է newsru.com-ը։
Էլթոն Ջոնի խոսքով՝ օրենքն ազդել է իր ծանոթ ռուս միասեռականների վրա, որոնք ենթարկվում են սպառնալիքների, վիրավորանքների և ծեծի։ «Մարդիկ, որոնց հետ ես հանդիպել եմ Մոսկվայում, միասեռականներ են. նրանք պատմել են ինձ հարձակումների մասին»,- ասել է երգիչը։
Որևէ կերպ իրավիճակը լուծելու համար երգիչն առաջարկել է ծանոթացնել Պուտինին ռուս միասեռականների հետ, որպեսզի նախագահն անձամբ լսի այն մարդկանց, ովքեր «արժանի են լինել լսված, ովքեր արժանի են հարգանքի և ջերմ վերաբերմունքի իրենց երկրում»։










