Ուկրաինայի 4 քաղաքներում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ զոհերի

15:12 • 23.01.14

Հինգշաբթի Լվովում, Ռովնոյում, Լուցկում, Տերնոպոլում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Կիևի կենտրոնում մահացածների, բացի այդ, Տերնոպոլի կենտրոնական հրապարակներից մեկը կանվանափոխեն Եվրամայդանի հերոսների հրապարակ, գրում է Взгляд-ը:

 

Ինչպես գրում է korrespondent.net-ը, Արվեստների հրապարակը վերանվանելու որոշումն ընդունել են քաղխորհրդի պատգամավորները. դրա օգտին քվեարկել է ներկա գտնվող 44 պատգամավորից 40-ը:

 

Տերնոպոլի քաղաքային ղեկավար Սերգեյ Նադալը նշել է, որ նրանք բնակիչներից բազմաթիվ առաջարկներ են ստացել փողոցներից կամ հրապարակներից մեկը Եվրամայդանի առաջին զոհի հիշատակին անվանակոչելու վերաբերյալ: Ցանկանալով արժանին մատուցել բոլոր մահացածներին և հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր երկու ամիս մասնակցում են բողոքի ակցիաներին, որոշել են այն վերանվանել Եվրամայդանի հերոսների հրապարակ:

 

Ռովնոյում սուգը հայտարարել է քաղաքային ղեկավար Անդրեյ Գրեշուկը: «Բատկիվշչինա» խմբակցությունից քաղխորհրդի պատգամավորները նախաձեռնում են քաղաքային խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: Նրանք ցանկանում են օրակարգ մտցնել մեկ հարց. «Ուղերձ Ռովնոյի բնակիչներին՝ Ուկրաինայի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»:

 

Այդպիսի որոշում է ընդունել նաև Լուցկի քաղաքապետ Նիկոլայ Ռոմանյուկը: Նա անհանգստացած է Կիևի իրադարձություններով և դրանք հասարակության համար սարսափ է համարում: Փաստաթղթի համաձայն՝ քաղաքում չեղյալ կհամարվեն ժամանցային միջոցառումները, ձեռնարկություններում, կազմակերպություններում, տարբեր հաստատություներում կիջեցվեն պետական դրոշները:

 

Ռոմանյուկը կոչ է անում նախագահ Վիկտոր Յանուկովիչին չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված սկանդալային օրենքները: