Ձեռագիրը նույնն է, պահանջները` տարբեր. Սարգիս Քլոյանը` Մայդանի ու մարտի 1-ի մասին
Ցուցարարների նկատմամբ իշխանության գործողությունների ձեռագիրը նույնն է, պահանջները՝ տարբեր: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց 2008 թ. մարտի մեկին զոհված Գոռ Քոլայանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ ի պատասխան հարցի, թե հետևու՞մ է Մայդանի իրադարձություններին:
«Համեմատության մեջ ասեմ՝ մեր պահանջն ուրիշ էր, Մայդանինը ուրիշ է, այստեղ պահանջում էինք ընտրություններ, Մայդանում պահանջում են եվրաինտեգում, բայց ձեռագիրը նույնն է՝ սպանություններ, դիպուկահարներ, անթույլատրելի հատուկ միջոցներ»,-ասաց Սարգիս Քլոյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարներից մեկը Սերգեյ Նիկոյանն է՝ Եվրամայդանի ակտիվ մասնակիցներից մեկը, ով հրազենային վնասվածքներ էր ստացել պարանոցի և գլխի շրջանում:
Սարգիս Քլոյանը նշեց, որ Սերգեյն իսկական հայրենասեր էր, որի ձեռքին ծածանվում էր հայկական դրոշ:
«Իսկ նրան սպանեցին, որովհետև ուկրաինացի չէր, այլ՝ այլազգի, և դա, բնականաբար, դիպուկահարին դուր չեկավ»,-ասաց զոհված Գոռ Քլոյանի հայրը:
Սարգիս Քլոյանը ցավով արձանագրեց, որ միջազագային կառույցներից (չհաշված՝ իրավապաշտպան կազմակերպությունները) «Մարտի մեկի» շուրջ արձագանքներ չեղան, Ռուսաստանից էլ չեղավ, իսկ ուկրաինական իրադարձությունների մասին երեկ ռուսական հեռուստաալիքներով կողմ և դեմ ելույթներ էին ունենում, ընդհուպ՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու պահանջով:
«Եվ սա արդար չէր»,-եզրակացրեց Սարգիս Քլոյանը:










