Կիևում կալանավորվել են ակցիաների մասնակցած ուսանողներ
Ուկրաինայի դատարանը կալանավորել է երկու ուսանողի, որոնք մեղադրվում էին Կիևի Գրուշևսկու փողոցում հունվարի 20-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, ուսանող Ալեքսանդր Շկրաբակն ու Անդրեյ Իվանյուկը մեկուսարանում են պահվելու մեկ ամիս՝ մինչև դատական նիստը։
Նրանց հետ ձերբակալված Անդրեյ Կոտլյարը, Վադիմ Կովալյովը, Դանիիլ Օկուլովը տնային կալանքի են դատապարտվել։ Եվս մեկ ուսանող ազատ է արձակվել «Ազատություն» կուսակցության պատգամավոր Իրինա Սեխի երաշխավորության հիման վրա։
Ավելի վաղ նույն կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արոնեցը հաղորդել էր Միխայիլ Նիսկոգուզի խոսքերը՝ «Բերկուտ»-ի ծառայողների կողմից իրեն բռնության ենթարկելու վերաբերյալ։ Հաղորդվում է, որ ուսանողն այսօր մամուլի ասուլիսով է հանդես գալու։
Իշխող կառավարության հակառակորդների և ոստիկանության բախումը Կիևի կենտրոնում սկսվել էր հունվարի 19-ին՝ հերթական երթից հետո։ Բախման ընթացքում զոհվել է 5 մարդ։ Կա մի քանի հարյուր տուժած։










