Կդրոշմակնքվեն փաթեթավորված բոլոր ապրանքները. ՊԵԿ փոխնախագահը չի կարծում, որ գները կբարձրանան
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն պետք է դրոշմակնքվեն Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են։ Ինչպես նիստի ընթացքում ասաց նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ դրոշմակնքվելու է կաթնամթերքը, արդեն պատրաստի վիճակում գտնվող մսամթերքը, ձկնեղենը, քացախը և այլն։ Նա հավաստիացրեց, որ ըմպելիքների դրոշմակնքումից հետո հայտարարագրված ապրանքների ծավալը մեծացել է, այսինքն՝ ստվերը կրճատվել է։
Նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք չեն թանկանա առաջին անհրաժեշտության ապրանքները, պատասխանեց.
«Չեմ կարծում, որ սոցիալական խնդիրներ կառաջանան, խնդիրը նրանում է, որ ապրանքների դրոշմակնքումը հանգեցրել է տվյալ ապրանքների հայտարարագրող ծավալների մեծացմանը։ Կառավարությունը որդեգրել է մի ուղղություն, որի համաձայն ապրանքների հայտարարագրումը իրականացվում է փուլ առ փուլ՝ պայմանավորված տեխնիկական և ժամանակային հնարավորություններով: Կարծում եմ, որ առավել կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները ճշգրտորեն հայտարարագրեն իրենց իրացման ծավալները և համապատասխան կատարեն իրենց հարկային պարտավորությունները»,-ասաց ՊԵԿ-ի նախագահի տեղակալը։
Դիտարկմանը, թե նախորդ տարի, երբ որոշում ընդունվեց դրոշմակնքել ըմպելիքները, դրանց գները բարձրացան, Վախթանգ Միրումյանը նշեց, որ այստեղ առկա է գնահատման խնդիրը։ Նա ասաց, որ պետք է ընտրել երկու տարբերակից մեկը՝ կամ աշխատել ստվերում և չունենալ թանկացում, կամ հակառակը՝ չաշխատել ստվերում և ունենալ թանկացում։
Հարցին, թե այլ կերպ չե՞ն կարողանում ստվերի դեմ պայքարել և դիմում են ծայրահեղ քայլերի, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դա ծայրահեղ միջոց չէ, ավելին՝ միջազգային պրակտիկայում ընդունված արդյունավետ միջոց է։
«Կիրառվում է հարևան Վրաստանում, Բելառուսի Հանրապետությունում, որոնք կիրառում են ու արդյունավետ աշխատում է։ Օրենքում հստակ նշված է, որ դրոշմապիտակի գումարը ենթակա է նվազեցման՝ հարկ վճարողի հարկային պարտավորություններից։ Պետությունը ինքն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը և սպառողի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենալ»,-ասաց նա և ընդգծեց, որ որևէ մեկը չի կարող վստահորեն պնդել, որ ըմպելիքների դրոշմակնքումից հետո գների բարձրացումը կապված էր հենց այս օրենքի հետ։
Նշենք, որ վարչապետը Կառավարության նիստին հանձնարարեց օրենքը ուղարկել Ազգային ժողով։










