Նիկոյանին սպանելուց հետո Յանուկովիչը դադարել է Ուկրաինայի նախագահ լինել. Տիմոշենկո
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Կիևում բախումների հետևանքով գրանցված մահվան դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Regnum-ի փոխանցմամբ` Տիմոշենկոն ասել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը վեր է ածվել մարդասպանի այն բանից հետո, երբ սպանել է հայ ակտիվիստ Սերգեյ Նիկոյանին. երիտասարդը երեկ դարձել էր հրազենային հարվածի զոհ Կիևի կենտրոնում:
Տիմոշենկոն մասնավորապես ասել է. «Ես բոլորին խնդրում եմ նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցել մեկ րոպե լռությամբ: Ուկրաինայի այդ հերոսների արյունը Յանուկովիչի ձեռքերի վրա է: Այն պահից, երբ Յանուկովիչը սպանեց Սերգեյ Նիկոյանին ու մեր ևս երկու տղաների, որոնց անունները դեռ չենք իմանում, նա դադարեց Ուկրաինայի նախագահ լինելուց և դարձավ մարդասպան»:
Նա նշել է, որ դրանից հետո Յանուկովիչն այլևս ոչ մի րոպե չի կարող զբաղեցնել Ուկրաինայի նախագահի պաշտոնը` ասելով, որ եթե ուկրաինացիները ներեն նրան, ապա դրանից հետո արժանի կլինեն այն ամենին, ինչ Յանուկովիչը կանի նրանց հետ:
Ըստ Տիմոշենկոյի` հարցը կտրուկ է դրված` կամ նա` Յանուկովիչը, կամ ազատ Ուկրաինան:










