Ուկրաինայի հայերի միությունը Նիգոյանին սպանողի համար գլխագին չի սահմանել
Այսօր Կիևի փողոցներում հայտնվել էր բողոքի ցույցերի ժամանակ սպանված Սերգեյ Նիգոյանին սպանած մարդու գլխի կամ նրա վերաբերյալ տեղեկությունների դիմաց մրցանակի մասին հայտարարություն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը՝ հայտարարության մեջ նշվում էր, որ Նիգոյանին սպանողի մասին տեղեկությունների համար կվճարվի 5.000 դոլար, իսկ նրա գլխի համար՝ 100.000 դոլար:
Ինչպես տեղեկացնում է Сегодня.ua-ը՝ Ուկրաինայի հայերի միությունը հերքում է իր մասնակցությունը հայտարարությանը: Միության նախագահի առաջին տեղակալ Աշոտ Ավանեսյանը նշել է, որ Սերգեյ Նիգոյանի հետ տեղի ունեցածն անարդար է, սակայն Ուկրաինայի հայերի միությունը որևէ կապ չունի այդ հայտարարության հետ:
Նա նաև նշել է, որ Հայերի միությունն արդեն դիմել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարություն՝ Սերգեյ Նիգոյանի սպանության հետ կապված պարզաբանումներ ստանալու համար:










