Պենտագոնը զինծառայողներին թույլատրել է կրոնական նպատակներով մորուք պահել և գլխափաթթոցներ կրել
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը փոփոխություն է մտցրել ներքին կանոնակարգում, որն առնչվում է կրոնական սովորույթներին, և թույլատրել է զինծառայողներին մորուք պահել, նաև գլխափաթթոցներ, շալեր և զինվորական համազգեստի համար ոչ ավանդական հագուստի տարրեր կրել։
Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, համաձայն նոր փոփոխության՝ զինծառայողները կարող են մորուք պահել և գլխի աքսեսուարներ կրել, եթե դա պահանջում է նրանց կրոնական համոզմունքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա չպետք է ազդի զինծառայողի մարտական որակների վրա։ Յուրաքանչյուր առանձին դեպքում պահանջվում է ղեկավարության թույլտվությունը։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ դա առաջին դեպքն է, երբ նախարարությունը կրոնական գլխարկներն ու մորուքը թույլատրելի է համարում զինվորականների համար։










