«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու որոշում չկա. պնդում է ճարտարապետների միության նախագահը
ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման խնդրին, ասաց, թե զարմացել է, երբ իմացել է, որ «Զվարթնոցի» շենքը քանդելու որոշում կա։ «Այդպիսի որոշում չկա։ Դեռ պետք է քննարկումներ լինեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարել էր, թե որոշում կա, որ պետք է «Զվարթնոցի» հին շենքը քանդվի:
«Շատ հնարավոր է, որ Արտյոմ Մովսեսյանը շատ մեծ ցանկություն ունենա, բայց նման որոշում պետք է Կառավարությունը կայացնի: Լավ կլինի, որ նա զբաղվի հենց քաղավիացիայի խնդիրներով: Այդ ի՞նչ մոլուցք է շենք քանդելը»,- ասաց ճարտարապետների միության նախագահը:
Նա նաև ասաց, թե իրենց կողմից առաջարկ է եղել մրցույթ հայտարարել, թե ինչպես կարելի է շահագործել օդանավակայանի հին շենքը:
«Ենթադրություն կա, թե այն պետք է քանդվի, այնտեղ այգի կառուցվի, մանրակերտ տեղադրվի... Այն իրենից մեծ արժեք է ներկայացնում մեր ճարտարապետության համար, այն մասնագետների կողմից շատ բարձր գնահատականի է արժանացել: Նման մոտեցումն անթույլատրելի է «Զվարթնոցի» հին շենքի նկատմամբ»,- նկատեց Մկրտիչ Մինասյանը:
Բանախոսը մտահոգություն հայտնեց, թե մի օր կպարզվի, որ 60-ականներից մինչև հիմա ճարտարապետական նշանակության ոչ մի նշանակալից իրադարձության մասնակից չենք եղել:
«Կարելի էր ներկայացնել մի տրամաբանական առաջարկ, որտեղ կարողանայինք և՛ շենքը պահպանել, և՛ այն օգտագործել ինչ-որ նպատակով»,- նշեց Մկրտիչ Մինասյանը՝ շարունակելով, թե մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք. կորցնում ենք շատ կարևոր նշանակության շենքեր:
«Կարծում եմ, որ Կառավարությունը խոհեմ կգտնվի և Էռնեկյանին առաջարկ կանի, որպեսզի շենքը պահպանվի»,- ասաց ճարտարապետների միության նախագահը:
«Իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ այգի կառուցելու համար կարելի է քանդել նման կարևոր շենք»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։










