Ծնողների մոտ 40%-ը գաջեթներից օգտվել սովորում է երեխաների օգնությամբ.գիտնականներ

18:58 • 24.01.14

Ծնողների գրեթե կեսը սովորում է օգտվել նոր գաջեթներից ոչ թե ինքնուրույն, այլ` սեփական երեխաների ղեկավարությամբ, որոնք «կապող օղակի» դեր են կատարում նրանց և իրենց համար օտար մշակութային և սոցիալական էլեմենտների միջև: Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ այս մասին ասվում է Journal of Communication ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Սանտյագոյի Դիեգո Պորտալես համալսարանից (Չիլի) Թերեզա Կորեան և նրա գործընկերները եկել են նման եզրահանգման` ուսումնասիրելով մոտ 200 չիլիացի ընտանիքների շրջանում արված սոցհարցման արդյունքները, որոնք բաղկացած են ծնողներից և կրտսեր ու միջին տարիքի դպրոցական երեխաներից:

 

Հարցման ընթացքում գիտնականները գնահատել են երեխաների և նրանց ծնողների` համակարգչից, հեռախոսից և այլ թվային սարքավորումներից օգտվելու ունակությունները: Բացի այդ՝ հոդվածի հեղինակները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ծնողներն օգնում են իրենց երեխաներին՝ տիրապետել նոր տեխնոլոգիաներին և՝ հակառակը:

 

Պարզվել է, որ երեխաները բավականին մեծ ազդեցություն են ունենում իրենց ծնողների տեխնիկական հմտությունների վրա և օգնում են նրանց՝ տիրապետել նոր գաջեթներին: Նման դեպքերը շատ են եղել հատկապես՝ այն ընտանիքներում, որոնցում եկամտի մակարդակը և սոցիալական դիրքը բավականին ցածր են եղել, ինչպես նաև՝ միայնակ մայրերի և նրանց երեխաների դեպքում:

 

Հոդվածի հեղինակները կարծում են, որ իրենց հավաքած տվյալները կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես են տարածվում թվային ունակությունները հասարակությունում, և թույլ կտան արագացնել դրանց ընկալումը բնակչության սոցիալապես խոցելի խմբերի շրջանում:


 

Ծնողների մոտ 40%-ը գաջեթներից օգտվել սովորում է երեխաների օգնությամբ.գիտնականներ