Google-ի ղեկավարն ասել է, թե որն է տեխնոլոգիական նորարարությունների հիմնական սպառնալիքը
Ամերիկյան Google ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը, ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, պատմել է այն հիմնական սպառնալիքի մասին, որն իրենց մեջ կրում են տեխնոլոգիական նորարարությունները, հայտնում է Взгляд-ը։
Շմիդտի կարծիքով՝ մի շարք մասնագիտություններ ու բազմաթիվ աշխատատեղեր, որոնք թվում էր, թե հնարավոր չէ փոխարինել մեքենաներով, արդեն իսկ հնարավոր է դարձել՝ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ։
«Մեքենաների ու մարդկանց միջև պայքար է, որում մարդիկ պետք է հաղթեն։ Այս պայքարի ընթացքում կարևոր է հասկանալ, թե իրականում մարդիկ ինչ կարող են անել շատ ավելի լավ»,-ասել է նա։
Google-ի ղեկավարը վստահ է, որ հանուն մարդկանց հաղթանակի՝ երկրների կառավարությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն կրթական, որակավորման մակարդակի բարձրացման բնագավառներում։
Հայտնի է, որ 46.000 աշխատակից ունեցող ընկերությունը ներկայում աշխատում է մի շարք ռոբոտների ստեղծման ծրագրի վրա, որոնք կփոխարինեն մարդկային աշխատուժի մի մասին։










