Instagram-ի լուսանկարներից կազմված ուղեցույց է ներկայացվել
Ֆրանսիացի մշակող Բենջամին Նետերը, օգտագործելով Instagram ծառայության լուսանկարները, ստեղծել է ուղեցույց, որը թույլ է տալիս անմիջապես դիտարկիչի օգնությամբ ուսումնասիրել համաշխարհային տեսարժան վայրերը: Նրա խոսքով՝ վեբ-հավելվածն այնքան լավ է ստացվել, որ այցելուները կայքում անցկացնում են միջինը 13 րոպե, գրում է hitech.vesti.ru-ն:
Կայքը, որը կոչվում է Somewhere, շատ պարզ է: Լուսանկարները նա վերցնում է Instagram-ից, վայրի նկարագրությունը` «Վիքիպեդիայից», իսկ քարտեզի վրա նշումը` Google-ի քարտեզներից: Առավել մանրամասն կարդալու համար պետք է սեղմել read more կոճակը, իսկ հաջորդին անցնելու համար` somewhere else:
«Աշխատելով նախագծի վրա` ես հասկացա, որ Instagram-ի լուսանկարներն ավելի լավ են փոխանցում վայրի մթնոլորտը, քան պրոֆեսիոնալ լուսանկարները: Եվ ես մտածեցի, որ լավ կլիներ ճանապարհորդել այլ մարդկանց աչքերով»,- ասում է Նետերը:
Հեղինակն ասել է նաև, որ Instagram-ի լուսանկարների արխիվն այնքան մեծ է, որ թույլ է տալիս շատ հետաքրքիր վարկանիշներ կազմել: Կարելի է իմանալ, օրինակ, թե որ վայրերն են ամենաշատն այցելել զբոսաշրջիկները վերջին շաբաթվա ընթացքում:










