Opportunity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա ջրի գոյության հետքեր է հայտնաբերել

09:20 • 24.01.14

ԱՄՆ-ի օդատիեզերական ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը Մարսի Endeavour հրաբխային խառնարանում հայտնաբերել է ջրի առկայության հետքեր։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, գիտնականները, ուսումնասիրելով մարսագնացի ուղարկած տվյալները, հանգել են այն եզրակացության, որ 3.7 մլրդ տարի առաջ Մարսի վրա գոյություն է ունեցել քաղցրահամ ու Ph չեզոք ջուր։ Սա հիմք է տվել ենթադրել, որ այսպիսի բնական պայմանները բարենպաստ են եղել կյանքի գոյության համար։

 

Սակայն միևնույն ժամանակ գիտնականները չեն կարողանում հստակ ապացուցել, որ նախկինում Մարսի վրա միկրոօրգանիզմներ են գոյություն ունեցել։ Ժամանակի ընթացքում ջրի կառուցվածքը սկսել է փոխվել. դրա թթվայնությունը փոխվել է, ու այն դարձել է աղի։ Ըստ մասնագետների՝ դա լուրջ խոչընդոտ էր ցանկացած տեսակի միկրոօրգանիզմների գոյության համար։

 

Դեկտեմբերին Opportunity-ի «կրտսեր եղբայրը»՝ Curiosity մարսագնացը, ևս հայտնաբերել է Մարսի վրա քաղցրահամ ջրի գոյության ապացույցներ։

 

Opportunity-ն «կարմիր մոլորակի» վրա անցկացրել է 10 տարի՝ անցնելով մոտ 39 կմ ու Երկիր ուղարկելով 185.000-ից ավելի լուսանկար։
 

Opportunity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա ջրի գոյության հետքեր է հայտնաբերել