Wikipedia-ն կպահպանի հայտնի մարդկանց ձայները
Wikipedia առցանց հանրագիտարանի աշխատանքին աջակցող Wikimedia հիմնադրամը հայտարարել է Voice Intro Project (WikiVIP) նախագծի թողարկման մասին, որի շրջանակում նախատեսվում է ձայնագրել քաղաքական գործիչների, գրողների, մարզիկների, գիտնականների և այլ հայտնի անձանց ձայները։ Ձայնագրությունները հնարավոր կլինի լսել հայտնիներին նվիրված էջերում, գրում է hitech.vesti.ru-ն։
Նախագծի հեղինակ Էնդի Մաբեթի խոսքով՝ WikiVIP-ի գաղափարն այն է, որ ընթերցողները, այդ թվում նաև ապագա սերունդները, կարողանան իմանալ, թե ինչպես են հնչում հայտնի մարդկանց ձայները, և ինչպես ճիշտ արտասանել նրանց անունները։ Յուրաքանչյուր ձայնագրություն տևում է մոտ 10 վայրկյան։
Առաջինը նախագծին մասնակցել է Սթիվեն Ֆրայը։ Անգլիացի դերասանի և գրողի ձայնի կարճ ձայնագրությունը կարելի է արդեն լսել նրա էջում։ Որոշ ձայնագրություններ կտրամադրի BBC ալիքը։










