Ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մարդկանց հետևել Angry Birds խաղի միջոցով
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը և բրիտանական Կառավարական կապի կենտրոնը կարող են հետևել մարդկանց` Angry Birds խաղի միջոցով, այս մասին հայտնում է Life News-ը:
Ըստ աղբյուրի` արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Էդվարդ Սնոուդենի պնդմամբ, հենց այդ խաղը կարող էին օգտագործել ամերիկյան հատուկ ծառայությունները` տվյալներ ստանալու նպատակով:
Խաղի սիրահարները կարող էին ակամա իրենց մասին բոլոր տվյալները ուղարկել ամերիկացի հետախույզներին: Խոսքը ոչ միայն տեխնիկական, այլև անձնական տվյալների մասին է, այդ թվում` սեռ, տարիք, բնակության վայր, ժամանց, ընտանեկան դրություն, սեռական նախասիրություններ, ընկերների ցուցակ:
Ի սկզբանե, նման տվյալները գնում են բջջային գովազդային ցանցերի սերվերներ, և ըստ այդմ օգտատիրոջ դիտարկիչներին համապատասխան գովազդային նյութեր են հայտնվում: Հենց այդ տվյալները կարող են որսալ հատուկ ծառայությունները: Angry Birds-ից բացի լրտեսող-ծրագրերի ու կայքերի թվում են Google Maps-ը, Facebook-ը, Flickr-ը և Twitter-ը:
Ռուսական Regnum գործակալությունը հայտնում է, որ Angry Birds-ը ստեղծած Rovio ընկերությունն ասել է` տեղյակ չի եղել կատարվածի մասին:










