Հաքերները կոտրել են Angry Birds խաղի կայքը
Հաքերները հարձակում են գործել Angry Birds խաղի կայքի վրա, երբ հաղորդագրություն է տարածվել, որ խաղի ծրագրավորող Rovio Entertainment ընկերությունը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, Rovio ընկերության տվյալներով՝ անհայտ անձինք չորեքշաբթի առավոտյան կոտրել են խաղի կայքը: Հաքերային հարձակումը տևել է մի քանի րոպե: Ընկերությունից հայտնել են, որ կայքի օգտատերերի տվյալները որևէ կերպ վտանգի չեն ենթարկվել հարձակման ընթացքում:
Երեքշաբթի Angry Birds խաղի ստեղծողները հայտարարել են, որ չեն կիսվում օգտատերերի տվյալներով և երբևէ չեն համագործակցել կառավարական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները սմարթֆոնների օգտատերերի անձնական տվյալները հավաքել են հավելված ծրագրերի միջոցով, այդ թվում՝ Angry Birds, Google Maps, Facebook, Flickr, LinkedIn, Twitter և այլ ծրագրերի:










