Դոնալդ Թրամփն ազատվել է Apple-ի բաժնետոմսերից՝ «հիմարություն» անվանելով iPhone-ի էկրանը մեծացնելուց հրաժարվելը
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ վաճառել է Apple ընկերության բաժնետոմսերը, քանի որ այն հրաժարվում է մեծացնել iPhone սմարթֆոնների էկրանը։ Նրա բաժնետոմսերի թվի մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է newsru.com-ը։
Ընդ որում՝ իր միկրոբլոգում Թրամփը մի քանի անգամ համեմատել է Apple-ը Samsung-ի հետ՝ նշելով, որ կորեական արտադրողի հեռախոսների էկրաններն «ավելի լավն են»։
Առաջին անգամ Թրամփն ընկերությունից պահանջել էր մեծացնել էկրանը դեռևս 2013թ. ապրիլին՝ հավելելով, որ հակառակ դեպքում ընկերությունը շատ գումար կկորցնի։
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ ընկերությունը մտադիր չէ մեծացնել iPhone-ի էկրանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիական հսկան ակտիվորեն գովազդում է այն փաստը, որ իր սմարթֆոնները կարելի է օգտագործել մեկ ձեռքով։










