Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը
Մոսկվան Հայաստանին և Արբեջանին կոչ է արել հավելյալ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում զոհեր են գրանցվել զինվորականների շրջանում, հաղորդվում են տվյալներ նաև՝ վիրավորված խաղաղ բնակիչների մասին:
«Լարվածության հետագա սրումն անդառնալի բացասական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,–ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ կարող է դժվարանալ պայմանավորվածությունների հետագա իրականացումը, որոնց կողմերը հասել էին 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած գագաթնաժողովին:
Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է անում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ 1995 թվականի փետրվարի 4-ին կնքված զինադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների կիրառումը:










