Անթիլիասում անցկացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցո Ծիսական հանձնախմբի հանդիպումը

10:56 • 31.01.14

Հունվարի 29-30-ը` Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցել են Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

 

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

 

Հանդիպման ընթացքում, հանձնախումբը հիմք ընդունելով 2013 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի որոշումները, քննարկել և վերջնական տեսքի է բերել Ս. Մկրտության խորհրդակատարության բնագիրը և կանոնական ուղեցույցը: Մասնավոր քննության է առնվել նաև ծիսական լեզվի խնդիրը: Ս. Մկրտության նախապատրաստության ուսուցման ձեռնարկի առնչությամբ հանձնախումբը որոշել է շարունակել լրամշակման աշխատանքները` վերջնաժամկետ սահմանելով մայիս ամիսը:

 

Ծիսական հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: