Բնապահպանության նախարարը ներկայացրեց գերատեսչության 2014թ-ի գերակա ծրագրերն ու անելիքները

13:41 • 31.01.14

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց, թե 2014թ-ի համար նախարարությանը հատկացված բյուջեն (2,3 մլրդ դրամ) ինչ ծրագրերի իրականացմանը պիտի ուղղեն, որոնք են առաջիկա անելիքները ու նշեց, որ կյանքի կոչելու 23 ծրագիր կա։


Արամ Հարությունյանի խոսքով՝ նախարարությունը 2014թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված երեք գերակա խնդիր ունի. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համադրում, «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում և ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարում։


Սևանա լճում, ըստ նախարարի, նախատեսվում է 3 ծրագիր իրականացնել՝ ձկնատեսակների համալրում, ապա անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ «Լրացուցիչ միջազգային ծրագրերով իրականացնելու ենք նաև անտառտնկման ծրագրեր»,- ասաց նա։


Նախարարի խոսքով՝ տարվա 4-րդ եռամսյակում Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով մոտ 366 600 հատ մանրաձուկ բաց կթողնվի լիճ, որը կարժենա մոտ 60 մլն դրամ։


Նախարարությունը հատկապես տագնապալի է համարում էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և երկար տարիներ ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից, իսկ իշխանի 4 ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, արդեն իսկ անհետացել են։


«Սևանա լճի ձկան պաշարների համալրումն արհեստական բուծման միջոցով խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի բնական պայմաններում գոյատևելը երաշխավորելու համար»,- ասաց նա։


Անդրադառնալով Սյունիքում իրականացվելիք ծրագրին, նախարարը նշեց. «Սյունիքի մարզում բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը հարակից նախատեսվում է իրականացնել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ»։


Իսկ ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը և շուրջ 20 բնության հուշարձան։ Տարածքի կազմում ընդգրկված են 19 գյուղական և 4 քաղաքային համայնքներ՝ 68 800 բնակչությամբ։ Ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։


Նախարարը կարևորեց նաև Արարատյան դաշտի խնդիրները. «Վերջին տարիներին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ 2014-ին հնարավորություն ունենք կոնկրետ արդյունքներ ցուցադրելու»,- ասաց նա և նշեց, որ անօրինական խորքային հորերի լուծարման աշխատանքներն այսօր արդեն սկսել են և արդեն իսկ լուծարված և կոնսերվացված են շուրջ 50 խորքային հորեր։