Մարմնիս վրա ողջ տեղ չի մնացել. Ուկրաինայի «Ավտոմայդանի» առաջնորդն իր խոշտանգումների մասին

12:15 • 31.01.14

Ուկրաինայի «Ավտոմայդան» շարժման առաջնորդ Դմիտրի Բուլատովի ընկերները հայտարարում են, որ նրան առևանգած անձինք Բուլատովին ենթարկել են սարսափելի կտտանքների: Նախօրեին հայտնի է դարձել, որ ակտիվիստը գտնվել է, և նա ողջ է, հաղորդում է «Дождь»-ը:

 

«Ավտոմայդանի» առաջնորդի մասին տեղեկության համար անգամ սկզբից 10 հազար դոլարի, այնուհետև 25 հազարի պարգևավճար էր հայտարարվել:

 

Ուկրաինայի իրավապահ մարմինները ստուգում են տեղեկությունը, սակայն դեռ չեն կարող հաստատել կամ ժխտել այն: Բուլատովին «Բերկուտի» հատուկջոկատայինները ձերբակալել էին հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Կիևում, ինչից հետո նա կորել էր:

 

Դմիտրի Բուլատովի դեմքին և մարմնին կան բազմաթիվ վնասվածքներ: Առևանգողները Բուլատովին ծեծի են ենթարկել, «փորձել են հանել աչքը» և «կտրել են ականջի մի մասը», պատմել է ակտիվիստն ուկրաինացի լրագրողներին: «Մարմնիս վրա ողջ տեղ չի մնացել: Աչքերս անընդհատ փակում էին, և ես չէի տեսնում՝ ով է ինձ տանջում, բայց առևանգողները ռուսական արտասանություն ունեին»,- ասել է Բուլատովն ուկրաինական ԶԼՄ-ներին:

 

Թե որտեղ են նրան պահել այս օրերի ընթացքում, նա չգիտի: Ակտիվիստն ասել է միայն, որ երկարատև խոշտանգումներից հետո նրան տարել են ինչ-որ տեղ և դուրս գցել մեքենայից:

 

Բուլատովը հասել է մոտակա գյուղ և սկսել ծեծել դռները: Արդյունքում նրան հաջողվել է կապվել ընկերների հետ: Թե ներկայում որտեղ է գտնվում «Ավտոմայդանի» առաջնորդը, չի հաղորդվում: