Ուրուգվայում կանեփ աճեցնելու դասընթացներ են անցկացվում
Ուրուգվայում կանեփ արտադրողների ազգային ֆեդերացիան այդ բույսի աճեցման դասընթացներ է սկսել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այժմ արդեն 50 մարդ է ուսումնասիրում այն՝ սկսելով սերմի աճեցումից մինչև հավաքելու և ծաղիկները չորացնելու հետ կապված դժվարությունները:
Դասընթացները մարիխուանայի օգտագործման և շրջանառության վերահսկողության ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից միայն մեկն են:
2013 թվականի դեկտեմբերին Ուրուգվայը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջովին օրինականացրել է թմրանյութի արտադրությունն ու վաճառքը:
Նոր օրենքի համաձայն՝ մարիխուանայի գրանցված սպառողները թմրանյութ ստանալու երեք ճանապարհ կունենան: Առաջին տարբերակի համաձայն՝ մարիխուանան կարելի է աճեցնել ինքնուրույն, սակայն օրենքի համաձայն՝ արգելվում է ունենալ մեկ մարդու համար վեց թփից ավելի: Այդ դեպքում տարեկան բերքը կկազմի մոտ 480 գրամ:
Երկրորդ ճանապարհը կանեփի աճեցման կոոպերատիվում գրանցվելն է: Եվ երրորդ ճանապարհով կարելի է մարիխուանա ձեռք բերել դեղատանը, բայց ամսական 40 գրամից ոչ ավելի: Պոտենցիալ գնորդները պետք է գրանցվեն տվյալների հատուկ բազայում, որը կհետևի, թե որքան մարիխուանա է գնվել մեկ ամսվա ընթացքում:
Թմրանյութի արժեքը կկազմի մեկ գրամի համար 1 դոլար: Օտարերկրացիներն օրինական հիմքերով այն ձեռք բերել չեն կարողանա:










