ԱՄՆ դատախազությունը Ջոխար Ցարնաևի համար մահապատիժ կպահանջի

13:00 • 31.01.14

ԱՄՆ դատախազությունը մահապատիժ կպահանջի Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալ Ջոխար Ցարնաևի համար: Համապատասխան որոշումն ընդունել է գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, գրում է korrespondent.net-ը:

 

«Ուսումնասիրելով գործին առնչվող բոլոր նյութերը՝ ես որոշել եմ, որ ԱՄՆ-ն պետք է հասնի այս գործով մահապատժի»,- ասված է գլխավոր դատախազի հայտարարության մեջ, ով ի պաշտոնե ղեկավարում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

 

«Այս որոշումը բացատրվում է իրականացրած գործողությունների և հասցրած վնասի բնույթով»,- հավելել է Էրիկ Հոլդերը:

 

2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է հնչել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել և 280-ից ավելի մարդ վիրավորվել: Գլխավոր կասկածյալներ են դարձել Ցարնաև եղբայրները, որոնցից ավագը ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ մահացել է: