Ավարտվում է Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլը. ԶԼՄ-ներն առաջընթաց չեն արձանագրում

14:59 • 31.01.14

Ժնևում այսօր ավարտվում է Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների առաջին փուլը, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

 

Լրատվական գործակալություններն արձանագրում են, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի` Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի միջնորդությամբ անցկացվող բանակցություններով հակամարտող կողմերին չի հաջողվել ռազմական գործողությունների դադարեցման հասնել: Ինչպես նաև` հաջողություն գրանցել անցումային կառավարության և հումանիտար օգնության տրամադրման հարցերում:

 

Հինգշաբթի Բաշար ալ Ասադի և ընդդիմության ներկայացուցիչները քննարկել էին այն հարցը, թե ով է պատասխանատվություն կրում Սիրիայի հակամարտության համար: Առայժմ, Բրահիմիի խոսքով, կողմերը համաձայնել են միայն, որ ահաբեկչությունը շատ լուրջ խնդիր է Սիրիայում: Սակայն նրանք չեն կարողացել երևույթի դեմ պայքարի ուղիներ մատնանշել:

 

Բրահիմին հույս է հայտնել, որ բանակցությունների երկրորդ փուլում, որը նախատեսվում է սկսել փետրվարի 10-ից, հակամարտող կողմերը կկարողանան ավելի մոտ դիրքորոշումներ ձևավորել: