Հայաստանը պետք է «թքած ունենա» Ալիևի հայտարարությունների վրա. քարտեզագիր
Ադրբեջանցիները դեռ չկազմավորված ազգ են, հետևաբար, ամեն ինչ պետք է հարևաններից գողանան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանը նախկին ադրբեջանական տարածք է:
«Պատասխանը պետք է լինի մեկը. Հայաստանը պարզապես պետք է ուժով ստիպի այդ Ադրբեջան կոչվածին լռել: Այդքան բան»,- ասաց Գրիգոր Բեգլարյանը, շարունակելով, թե մենք առայժմ դրան չենք գնում, որովհետև ագրեսիվ քաղաքականություն չենք վարում, պարզապես ինչ-որ պատասխաններ ենք տալիս։
«Ինձ թվում է՝ ժամանակը կգա, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կստանան իրենց արժանի պատասխանը: Այնպես, ինչպես վերադարձրել ենք Արցախը, այդպես էլ պետք է վարվենք մեր բոլոր հողերի հետ և այդ հողերի վրա գոյություն ունեցող տեղանունների հետ»,-ավելացրեց նա։
Քարտեզագիրը նաև ասաց, որ Ադրբեջանի անունը պարսկական է, իսկ Հայաստանից գողացել է և՛ տարածքներ, և՛ անուններ, և՛ հուշարձաններ, և՛ մնացած ամեն ինչ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իրենց պատմական հողերը չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և հարակից շրջաններով։ «Եթե ուշադրություն դարձնենք 19-րդ դարի պատմությանը, ապա հնարավոր կլինի նկատել, որ ադրբեջանցիների բնակավայրերը շատ ավելի լայն են եղել։ Ներկայիս Հայաստանի տարածքը, իրականում, ադրբեջանական պատմական հողեր են»,– ասել էր ա։
Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Գրիգոր Բեգլարյանն ասաց, թե Հայաստանը պետք է թքած ունենա դրանց վրա։ «Կուզենայի, որ Հայաստանը թքած ունենա ամբողջ աշխարհի ասածների վրա, որովհետև աշխարհն է՛լ ավելի վատ բաներ է անում: Այն փաստը, որ մեր ռազմավարական գործընկեր կոչվող Ռուսաստանն իր ատլասներում և քարտեզներում գրում է Խանքենդի, իսկ փակագծերում՝ Ստեփանակերտ, արդեն չգիտեմ, թե ո՞րն է ավելի վատ. ա՞յն, որ Իլհամ Ալիևն իր անասուն վիճակով ասում է Հայաստանը ադրբեջանական հող է, թե՞ այն, որ մեր ռազմավարական գործընկերն է Ստեփանակերտը կոչում Խանքենդի»,- հարցադրում արեց Գրիգոր Բեգլարյանը:
Վերջինս նշեց նաև, թե շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է յուրաքանչյուրն իր գործով դիմակայի. զինվորն իր արարքը պետք է անի, քաղաքագետն՝ իր, քարտեզագիրն՝ իր: «Ես, համենայնդեպս, փորձում եմ տարածել ճիշտ քարտեզներ»,- ասաց Գրիգոր Բեգլարյանը:
Հարցին, թե կա՞ն քարտեզներ, որոնք ճիշտ չեն արտացոլում Հայաստանի սահմանները, Գրիգոր Բեգլարյանը պատասխանեց. «Իհարկե՛, կան: Կան քարտեզներ, որոնք որ Արցախն արտացոլում են ԼՂԻՄ-ը՝ 1988 թվականի սահմաններում, որը ես համարում եմ ազգային դավաճանություն: Կան այնպիսիք, որոնք քարտեզագրում են միայն Հայաստանի Հանրապետությունը՝ առանց Արցախի, որովհետև արտասահմանից փող տվող քեռիներն այդպես են պահանջում: Ես կարծում եմ, որ դրան ի պատասխան Կառավարությունը պետք է մինչ հիմա օրենք ունենար Հայաստանի քարտեզագրման մասին»:
Գրիգոր Բեգլարյանի խոսքով՝ ճիշտ քարտեզներ էլ կան, որտեղ Արցախը ճիշտ է պատկերված: Բայց, ըստ քարտեզագրի՝ դրանք շատ քիչ են: «Շատ տեղանուններ դեռևս իրենց իսկական անուններով չեն կոչվում, դրանք, նախևառաջ, պայմանավորվում են նրանով, որ շատերը տեղյակ չլինելով են խոսում մի բանի մասին, և երկրորդ՝ չմտածելով են խոսում: Թերագնահատում են տեղանվան նշանակությունը, չեն խորանում մանրամասների մեջ, թե տեղանվանը սխալ անուն տալով դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Գրիգոր Բեգլարյանը:
Քարտեզագիրը հիշեցրեց Հրանտ Դինքի սպանության մասին, որի ժամանակ հեռուստաընկերություններից մեկն իր ռեպորտաժում հաղորդել էր, թե Հրանտ Դինքը հայազգի լրագրող է, որ ծնվել է Մալթայում:
«Ե՛վ հեռուստալրագրողի, և՛ խմբագրի համար Մալաթիա անվանումն այնքան հեռու էր, որ նրանք շփոթել էին Մալթայի հետ: Միայն Մասիսով և Վանով չենք Արևմտյան Հայաստանի պահանջատերն ու ապագա ազատագրողը: Մենք պարտավոր ենք իմանալ յուրաքանչյուր քաղաքի, գյուղի և հուշարձանի պատմությունը»,- ասաց Գրիգոր Բեգլարյանը:
Խոսելով տեղանունների աղավաղման մասին, քարտեզագիրն ասաց, որ երբևէ Գանձակ քաղաքը Գյանջա լինել չի կարող, Էրզրում քաղաքի անվանումն արաբերեն է, նրա հայկական անվանումը Կարին է:
«Արևմտյան Հայաստանը միայն Մասիս սարը, Վանն ու Մուշը չեն. 67 000 գյուղ ունենք մենք Արևմտյան Հայաստանում: Այդ 67 000 հայկական տեղանունները պետք է վերականգնվեն մեր գիտակցության մեջ: Այդ ամենին պետք է հասնենք հետևողականորեն և ամենօրյա համբերատար աշխատանքով: Ես փորձում եմ իմ քարտեզներով տարածել այդ ամեն ինչը»,-ասաց աշխարհագրագետը։
Գրիգոր Բեգլարյանը մի քանի անգամ նամակով դիմել է Կառավարությանը՝ պահանջով, որ քարտեզներում ճիշտ արտացոլվեն հայկական սահմանները, սակայն պատասխան չի ստացել:
«Այս հարցին Կառավարության կողմից պատշաճ կարևորություն չի տրվում »,- ասաց Գրիգոր Բեգլարյանը՝ ավելացնելով, թե դա ոչ միայն Կառավարության գործն է, այլ նաև յուրաքանչյուր հայի ինքնագիտակցության մի մասը պետք է դառնա:










