«Հրեշտակների քաղաքը» հայամետ ժեստ արեց. Независимая газета-ի անդրադարձը Լոս Անջելեսի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը
Ռուսական Независимая газета պարբերականն անդրադարձել է օրերս Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Փաստաթղթում միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել ԼՂՀ-ն՝ որպես ազատ և ինքնիշխան պետություն, և հիշեցվում է, որ «Լեռնային Ղարաբաղը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ»։ Փորձագետների կարծիքով՝ այդ փաստը չի ունենալու ոչ իրավական, ոչ քաղաքական հետևանքներ։
Հոդվածագիր Յուրի Ռոքսը գրում է, որ Լոս Անջելեսն ԱՄՆ-ի առաջին վարչական միավորը չէ, որ ճանաչում է ԼՂՀ ինքնիշխանությունը։ Մինչև «Հրեշտակների քաղաքը», Արցախը ճանաչել են Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգներն ու Ֆրեզնո քաղաքը։
Այն մասին, որ ԱՄՆ արևմտյան խոշորագույն մեգապոլիսը պատրաստվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, խոսվում էր վաղուց։ Եվ ակնհայտ էր, որ քաղաքի կյանքում, ինչպես և ամբողջ Կալիֆոռնիայում, հայ համայնքը նշանակալի դերակատարում ունի։
Ի հաստատումն այդ խոսակցությունների՝ ԼՂՀ ինքնիշխանության մասին բանաձևը ներկայացրեց էթնիկ հայ, քաղխորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը։ Այն ընդունվեց միաձայն.
«Արցախի Հանրապետությունը երկար և փառապանծ հազարամյակների պատմություն ունի և պատվավոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակութային կյանքում։ Արցախի Հանրապետությունն իր անկախության մասին հայտարարել է 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախը ցուցաբերել է տոկունություն՝ ընդդեմ պատերազմի, կոտորածի, զրկանքների և այլ դժվարությունների... 2012թ.-ի ապրիլի 24-ին Լոս Անջելեսը բարեկամական հարաբերություններ հաստատեց Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի հետ...Լոս Անջելես քաղաքն Արցախի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին մաղթում է խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ և կոչ է անում համաշխարհային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես ազատ և ինքնիշխան պետություն»։
Լոս Անջելեսի կողմից անկախության ճանաչումը Լեռնային Ղարաբաղում դրական հույզերի ավելացմանն է նպաստել և, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով, սա նշանակալից իրադարձություն է ոչ միայն Ղարաբաղի, այլև միջազգային իրավունքի պատմության համար, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնիշխանության իրավունքի իրագործման համար։
«Լոս Անջելեսը, լինելով աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկը՝ համաշխարհային տնտեսական, մշակութային, քաղաքական կարևորագույն կենտրոններից, որն իր պոտենցիալով գերազանցում է աշխարհի շատ երկրների, հարաբերություններ է հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ՝ դրանով ներդրում ունենալով մեր երկրի միջազգային ճանաչման գործում»,-ասել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածն ընդգծում է, որ ԼՂՀ-ն ժողովրդավարական և քաղաքակիրթ պետություն է, որի հետ կարելի է և ձեռնտու է համագործակցելը։ «Հակառակ դեպքում նման ճանաչում երբեք տեղի չէր ունենա»,-ասել է նա։
Բաբայանը նաև բացատրել է, թե ինչպես հնարավոր դարձավ միջազգային հարթակում նման հաջողությունը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը բացահայտում է հանրապետության արտաքին քաղաքական ռազմավարությունը։
«Մենք գումարներ չենք ծախսում հակաադրբեջանական քարոզչության համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը լուրջ միջոցներ է տրամադրում հակաղարաբաղյան և, առկասարակ, հակահայկական քարոզչության համար։ Մեր հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում գաղափարական և արժեքային բաղադրիչներն են, որոնք բարեկամության և համագործակցության համար ավելի հուսալի և երկարատև հիմքեր են, ինչը գումարով գնել հնարավոր չէ։ Մեր նպատակն է կառուցել նորմալ, ժողովրդավար երկիր»,-ասել է Բաբայանը։
Բեռլինում բնակվող հայ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը կոչ է անում էյֆորիայի մեջ չընկնել։ «Իհարկե հաճելի է, որ Լոս Անջելեսը որոշ ամերիկյան և ավստրալական նահանգներից հետո ճանաչում է ԼՂՀ անկախությունը, սակայն համաձայն Սահմանադրության՝ այդ որոշումը ԱՄՆ կառավարական գծի վրա, ցավոք, չի ազդի։ Լոս Անջելեսի քաղխորհրդի որոշումը խորհրդանշական, քարոզչական քայլ է, որն ընդհանուր առմամբ ձեռնտու է Արցախին, սակայն այն չի դառնա ԼՂՀ միջազգային ճանաչման սկիզբը»,-ասել է Մանուչարյանը։
Այդ գնահատականների հետ համաձայն է նաև քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Ժիլցովը։ «Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը ոչ մի իրավական հետևանքներ չի ունենա և Լեռնային Ղարաբաղի ներկա կարգավիճակի վրա չի ազդի»,-կարծում է նա։
Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն արձագանքել Լոս Անջելեսի կողմից ԼՂՀ ինքնիշխանության ճանաչմանը։










