Մոսկվայում հանկարծամահ է եղել քրեական հեղինակություն Թեմուրի Միրզոևը

10:28 • 31.01.14

Քրեական աշխարհում խառնաշփոթ է։ Ռուսաստանի ամենաազդեցիկ ավազակներից մեկը՝ Թեմուրի Միրզոևը, նախ ընկել է կոմայի մեջ, իսկ մեկ օր անց՝ հունվարի 30-ին, մահացել Մոսկվայի կլինիկաներից մեկում, հայտնում է «Комсомольская правда»-ն։

 

«Օրենքով գողի» վիճակը վատացել էր այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել էին նրան Մերձմոսկվայի ռեստորաններից մեկում։ Միրզոևն այդ ժամանակ փորձել է «թագադրել» իր ենթականերից մեկին։ Հենց այդ ժամանակ Թիմուրը բողոքել է վատ ինքնազգացողությունից, և նրան հոսպիտալացրել են։ Հիվանդանոցից նրան տարել են մտերիմները, սակայն որոշ ժամանակ անց վերջինիս կրկին տեղափոխել են հիվանդանոց։ «Հեղինակությունն» ընկել է կոմայի մեջ, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին։ Հունվարի 30-ի գիշերը, գիտակցության չգալով, Միրզոևը մահացել է։

 

Սակայն ոստիկանությանն այժմ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե «օրենքով գողի» բժշկական ախտորոշումը, այլ այն, թե ով կզբաղեցնի նրա տեղը, ով կգլխավորի Ուրալի քրեական աշխարհը։

 

«Լուրերն այն մասին, որ կլինի վերաբաժանում՝ անհիմն են։ Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում հաստատ ոչինչ տեղի չի ունենա։ Իսկ հետո, հավանաբար, կգա այստեղ որևէ «գող» և կասի՝ «այժմ ես եմ ձեր նայողը»։ Եվ բոլորը կհանդարտվեն։ Սակայն եթե լինեն վերաբաժանումներ, մենք այդ մասին կիմանանք։ Մենք վերահսկում ենք իրավիճակը և կարող ենք ժամանակին արձագանքել»,- նշել է ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի շրջանային վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի պետ Կոնստանտին Ստրոգանովը։

 

Թեմուրի Միրզոևը գլխավոր քրեական մեծությունն էր Միջին Ուրալում։ Նա ղեկավարում էր անօրինական բիզնեսը դեռևս 1990-ական թթ.։ Այդ ժամանակ նրա հարազատ քեռին՝ «քրեական Ռուսաստանի թագավոր» Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան), նրան «այդ շրջանի նայող» էր նշանակել։