Նախագահ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի վարչապետի հետ

20:29 • 31.01.14

Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:


Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի աշխատակազմից՝ հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

 

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին:

 

ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

 

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երևան: