Ավելացնելով Սևանից տարեկան բաց թողնվող ջրի քանակը՝ Կառավարությունը միանգամից մի քանի հարց է լուծում. բնապահպան

23:10 • 31.01.14

Սևանից տարեկան բաց թողնվող ջրի քանակը ավելացնելով՝ Կառավարությունը մի կողմից՝ լուծում է լճի ափամերձ տարածքներից դեռևս չապամոնտաժված շինությունների խնդիրը, մյուս կողմից՝ Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, որն առաջացել է բնապահպանության նախարարության վարած քաղաքականության պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Գալուստ Նանյանը: Նա նշեց, որ այս հանգամանքն իր ազդեցությունը կունենա Սևանի վրա:

 

«Դժվար է ասել, թե ինչ ծավալի ազդեցության մասին է խոսքը, քանի որ այդ հարցը պետք է ուսումնասիրեն մասնագետները: Ստացվում է, որ մի կողմից՝ ուզում են փրկել Սևջուրը, մյուս կողմից՝ ջուրը Սևանից են վերցնում: Տեղին է ասել՝ ա´յ ջրային պետական կոմիտե, ու՞մ ականջում էիր քնած այսքան տարի, երբ քամում էին Արարատյան ավազանի ջուրը: Իսկ Սևջուրը կարևոր նշանակույթուն ունի երկու մարզերի համար՝ Արարատի և Արմավիրի: Պարզապես՝ ամեն մեկը նստած՝ իր շարիկն է գլորում»,-ասաց բնապահպանը:

 

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամաբ՝ «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում պետք է փոփոխություն կատարվի՝ համաձայն որի մինչև 2019թ-ի հունվարի 1-ը Սևանից տարեկան պետք է բաց թողնվի ո´չ թե 170 մլն խմ ջուր, այլ՝ 240:

 

Գալուստ Նանյանն ընդգծեց, որ այս որոշման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Սևան թափվող լճերի ափամերձ տարածքները դեռևս չեն մաքրվել, թեև գումարները պետական բյուջեից դուրս են գրվել:

 

«Արարատյան դաշտավայրում ինչու՞ է սակավաջրություն առաջացել. Իհարկե՝ բնապահպանության նախարարության «գրագետ» աշխատանքի շնորհիվ: Բալորին անարգել լիցենզիաներ էին տրվել Արարատյան ջրառատ ավազանից օգտվելու համար: Ոչ ոք մոնիթորինգ չէր անցկացնում, տեսներ՝ ջուրը շա՞տ է օգտագործվում, թե՞ քիչ»,-ասաց նա:

 

Բնապահպանը, միաժամանակ, ընդգծեց, որ Սևանից բաց թողնված յուրաքանչյուր 12.5 մլն խմ ջուրը լճի մակարդակն իջեցում է 1սմ-ով, իսկ լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը՝ 1մմ- ով: Ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սևանա լիճը կիջեցնի 19,2 սմ-ով, ինչի արդյունքում ավելի կարագանա լճի ծերացումը:

 

«Ի դեպ՝ նման հաշվարկներ ժամանակին կատարել է նաև ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը, սակայն զարմանալի է, թե ինչու է այդ նույն ինստիտուտն այսօր լռում: Ափսոս, ժամանակին կային մարդիկ, ովքեր պայքարում էին հանուն Սևանի և նրա փրկության, որոնցից ես կառանձնացնեմ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, լուսահոգի Ռաֆայել Հովհաննիսյանին»,-ասաց Նանյանը: