Շանթ Հարությունյանը կոչ է արել իր ծննդյան օրվա կապակցությամբ հավաքվել Ազատության հրապարակում

21:20 • 31.01.14

Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Facebook-յան իր էջում այսօր գրառում է առել՝ կոչ անելով բոլորին՝ իր ծննդյան տարեդարձին, որը կնշվի փետրվարի 3-ին, հավաքվել Ազատության հրապարակում:


Նա, մասնավորապես, գրել է.


«Ամեն տարի, փետրվարի 3-ին՝ ծննդյանս օրը, գրառումների տեսքով տասնյակ ու հարյուրավոր շնորհավորանքներ եմ ստացել: Ինչպես գիտեք՝ գտնվելով բանտում՝ այս տարի չեմ կարող կարդալ այդ գրառումները: Ահա և դիմում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ևս կհիշեն և կշնորհավորեն ծննդյանս օրը՝ կոչ անելով ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ նշել, շնորհավորել ծննդյանս տարեդարձը: Կարծում եմ՝ այս ձմռան ցրտին կես ժամից մինչև մեկ ժամ տրամադրելն ու Ազատության հրապարակում գտնվելը մեծ զոհողություն չի լինի իմ ֆեյսբուքյան և մյուս ընկերների համար: Խոսքս, անշուշտ, չի վերաբերվում արտասահմանում ապրող ընկերներիս:

 

Ասեմ, որ ազատության մեջ գտնվելիս շատ հաճախ չեմ էլ հիշել ծննդյանս օրը, հաճախ էլ՝ առավոտ շուտ հեռացել եմ տնից, որպեսզի առիթ չունենամ նշելու այն: Ուզում եմ ասել՝ սիրելի՛ ընկերներ, որ իմ այս կոչն անձնական քմահաճույքի դրսևորում չէ, այլ առիթ` ևս մեկ անգամ հայ հասարակությանը հիշեցնելու, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեղափոխություն:

 

Նշեմ նաև, որ իմ ընկերներից ոմանք իրենց ծննդյան տարեդարձը նույնպես դիմավորեցին բանտում: Բայց, ի վերջո, ես իրավունք չունեի նրանց մտերիմներին ու հարազատներին կոչելու, որ այդ օրերը նշեն Ազատության հրապարակում. դա կարող էին անել բանտում գտնվող ընկերներս:

 

Այնպես որ՝ որևէ բարոյական սկզբունք չեմ խախտում ընկերներիս հանդեպ, երբ այժմ դիմում եմ իմ կողմնակիցներին, որ փետրվարի 2-ին, մեկ ժամով հավաքվեն Ազատության հրապարակում և դարձյալ հաստատեն, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն:


Բոլորիդ շատ կարոտել եմ և համբուրում եմ:
Շանթ»: