Շուշան Պետրոսյանը «Գրիբոյեդով» ակումբի հավաքներին Մեծ Հայքի տարբեր գավառների երգեր է երգել
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը, ով անցած տարվա հոկտեմբերից Հայաստանում բացված «Գրիբոյեդով» ակումբի անդամ է, Tert.am–ի տեղեկություններով՝ հավաքներից յուրաքանչյուրի ժամանակ կատարում է պատմական Մեծ Հայքի գավառների ու Ղարաբաղի երգերից՝ Դմիտրի Կիսիլյովի ներկայությամբ:
Հիշեցնենք, նաև ակումբի մյուս անդամ Շուշանիկ Արևշատյանը Tert.am–ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց անդամները առանց հղման հանդիպումներում ռուսական կողմին կարողանում են ներկայացնել իրենց սեփական կարծիքը, ճշմարտությունը:
«Կարևոր է, որ չնայած իրենք իրենց պաշտոնական կարծիքն են արտահայտում, մենք հայտարարում ենք մեր ժողովրդի կողմից ստույգ հաստատված կարծիք: Եթե մենք ասում ենք, որ հանրությունը տրամադրված չէ անցնել Մաքսային միություն, տրամադրված չէ, որ ՌԴ օրենքներն այստեղ կիրառվեն, այն մտավախությամբ, որ Ռուսաստանը չի կարողանում ինքն իրեն տնօրինել, ուր մնաց թե Մաքսային միություն և այլն, ապա իրենք, համենայնդեպս, պետք է դա մեզանից լսեն: Ոչ թե Կառավարությունից, «շոպլիկ», այլ մարդկանցից, որոնք հեղինակություն ունեն այս երկրում: Եվ ճշմարտությունը սկսվում է մեզնից»,-ասել էր տիկին Արևշատյանը:










