Տոկիոյի բնակիչը ձերբակալվել է 450 զույգ կանացի կոշիկ գողանալու համար
Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի մի բնակչի՝ մոտ 450 զույգ կանացի կոշիկի գողության կասկածանքով, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Գողի «որսը» ճապոնացի ոստիկանները սկսել են այն բանից հետո, երբ կոշիկների կորստի մասին բողոքներ են սկսել ստացվել Ճապոնիայի մայրաքաղաքի ակումբներից: Քննիչները ենթադրել են, որ հանցագործն ինչ-որ մոլուցքով է տառապում, քանի որ գողանում էր բացառապես բարձրակրունկ կոշիկներ:
Որոշ ժամանակ անց իրավապահ մարմինները Տոկիոյի տղամարդկանց համար ակումբների հաճախորդների մեջ պարզել են ենթադրյալ գողին և ձերբակալել նրան:
Հանցագործը 29-ամյա Սյո Սատոն է եղել: Առաջին հարցաքննության ընթացքում նա ընդունել է իր մեղքը և հաստատել իր հոգեկան շեղման մասին քննության կանխավարկածը: «Ես մտադրություն չունեի վաճառել գողացվածը: Ինձ պարզապես դուր էր գալիս գողության ընթացքը»,- խոստովանել է Սատոն:
Այնուամենայնիվ, ոստիկանների մոտ կասկածներ են առաջացել հանցագործի մոտ շահի բացակայության վերաբերյալ: Ինչպես պարզվել է՝ բոլոր գողացված իրերը նա պահել է առանձին վարձած բնակարանում, իսկ զննության արդյունքում այնտեղ, 450 զույգ կոշիկից բացի, հայտնաբերվել է նաև ընդհանուր 550 հազար իեն (5,6 հազար դոլարի) արժողությամբ գողացված կոսմետիկա:










