Օլիմպիադայի ավարտից հետո մենք Յանուկովիչին փամփուշտ կտանք. Ժիրինովսկի
Երեկվա տեղեկությունը Վիկտոր Յանուկովիչի հիվանդության մասին՝ փորձ է թաքնվելու Օլիմպիադայի ժամանակ, ինչից հետո Ուկրաինայի նախագահը կանցնի կոշտ ուժային գործողությունների իր ընդդիմադիրներին ճնշելու հարցում: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է nr2.ru-ն:
«Հարգելի Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչը ձեզ դեռ ցույց կտա, երբ ավարտվի Օլիմպիադան: Դուք դեռ կիմանաք՝ ինչ է Յանուկովիչը: Հիմա նա ապահովության համար հիվանդացել է: Իսկ այնուհետ կհնչի ձայնը. «Փամփուշտներ չափսոսալ»: Եվ մենք կտանք փամփուշտներ: Փողի փոխարեն մենք փամփուշտներ կտանք»,- ասել է Ժիրինովսկին «Россия» հեռուստաալիքի եթերում:
«Ռուս թագավորները հրացաններ և փամփուշտներ էին ուղարկում, երբ նրանց շատ էին խնդրում… Խնդրեք՝ փամփուշտներ կտանք, զինվորներ չենք տա»,- հստակեցրել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները Կիև են տանում հատուկ միջոցներ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում բողոքի ակցիաները ցրելու համար:










