Շահագործման հանձնվեց Աբովյան բժշկական կենտրոնը. բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի համաձայն Աբովյանի հիվանդանոցը և Աբովյանի պոլիկլինիկան միավորվել են. ստեղծվել է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն: Այստեղ իրականացվել են բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի շուրջ 3500 քմ վերակառուցման շինաշխատանքներ: Հիվանդանոցի բացման արարողությանն այսօր ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Վիկտորիա Միքայելյանը նշեց, որ հիվանդանոցը շահագործման է հանձնվել 1980թ. և մինչ այժմ հիմնանորոգման աշխատանքներ չէին կատարվել, միայն մասնակի կոսմետիկ վերանորոգում:
«Սա մենք նախարարության և Համաշխարհային բանկի կողմից նվեր ենք ստացել: 2013թ. հիվանդանոցը բուժօգնություն է ցույց տվել ավելի քան 2600 մարդու և կարծում եմ, որ այսուհետ ավելի շատ մարդու պետք է սպասարկի, քանի որ առաջ մենք շատերին ուղեգրում էինք Երևան, քանի որ չունեինք անհրաժեշտ սարքավորումներ: Կարծում եմ, որ հիվանդանոցը կկանգնեցնի հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք»,-ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր հերթին ընդգծեց, որ հիվանդանոցի հիմնանորոգումը սկսվել է նախագահի անմիջական հանձնարարությամբ:
«Ստեղծել ժամանակակից հիվանդանոց, որը համալրված է տարածաշրջանի ու նաև Հայաստանի համար եզակի սարքավորումներով: Մարզում երկրորդ ժամանակակից սարքավորումն է, առաջինը Հրազդանում է: Աբովյանը թեև մոտ է մայրաքաղաքին, բայց մեր քաղաքականությունն այնպիսին է, որ բոլոր մարդիկ իրենց քաղաքում, իրենց բնակության վայրին մոտ գտնվող հիվանդանոցը ունենան»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարի ևս մի քանի հիվանդանոց կվերանորոգվի տարբեր մարզերում
Նշենք, որ վերակառուցման աշխատանքների շրջանակում կատարվել է տանիքի ամբողջական փոխարինում, միջնապատերի վերակառուցում, դռների փոխարինում բժշկական վերելակի տեղադրում և հագեցում նոր համակարգերով:
Կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են հետևյալ ծառայությունները՝ ընդունարան և շտապօգնության ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք, 55 մահճակալ ունեցող հիվանդանոցային ծառայություններ, մեծահասակների թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, ինֆեկցիոն բաժանմունքներ:
«Աբովյանի բժշկական կենտրոն»-ում իրականացվել է 846 մլն 815 հազ. 500 դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության կողմից՝ 211 մլն 704 հազ. 600 դրամ, 635 մլն 113 հազ. 900 դրամ՝ ՀԲ վարկային միջոցներից:










