ԱԱԽ-ն նոր ռազմավարությունները կվերաբերեն արտագաղթին և աղանդների դեմ պայքարին. ԱԽ քարտուղարը՝ 2014թ. անելիքների մասին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն անելիքները, որոնք Անվտանգության խորհուրդը նախատեսում է իրականացնել 2014թ-ին։ Արթուր Բաղդասարյանը նախ ներկայացրեց կարևորագույն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը և հայտարարեց, թե այս տարի ի վերջո կհաստատեն ՀՀ ժողովրդագրական անվտանգության ռազմավարությունը։
«Շատ է խոսվում արտագաղթի մասին, պետք է ունենալ արտագաղթը կանխելու տեսլականը և որը պետք է գա` պատասխանելու այս ոլորտում կուտակված բոլոր հարցերին»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այն բավական լրջագույն փաստաթուղթ է լինելու և պատասխանելու է այն հարցերին, թե սկսած 90-ականներից ինչքան արտահոսք է եղել, ինչ քայլեր է պետք անել կանխելու համար և այլն։
Հաջորդ կարևոր փաստաթուղթը կվերաբերի արդեն ՀՀ հոգևոր անվտանգությանը և կընդունվի հայեցաթուղթ։ «Տարբեր մտահոգություններ կան տարբեր կրոնական շարժումների հետ կապված, և մեր խնդիրն է պատասխանել այս հարցերին։ Կան բազմաթիվ աղանդներ, մեկը մտահոգվում է, մյուսը միջազգային կազմակերպություններում ձայն է բարձրացնում, թե Հայաստանում կրոնական կազմակերպությունների իրավունքները խախտվում են։ Այդ իսկ պատճառով պետք է միջազգային լավագույն փորձը ունենալով՝ անխոցելի փաստաթուղթ մշակել և տալ հստակ տեսլական»,-ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հաջորդ կարևոր քայլն այն է լինելու, որ ՀՀ-ում ներդրվելու է այլընտրանքային պատիժների ռազմավարության նոր համակարգ, որն ուղղված է լինելու նվազ վտանգ ներկայացող արարքների ապաքրեականացմանը։ «Անհրաժեշտ չէ մարդուն մեկուսացնել ընտանիքից, և այդ համակարգը ներդնելով` արդեն մարդը կատարած զանցանքի ու հանցանքի համար չի գտնվի ուղղիչ հաստատություններում»,-ասաց նա։
Հաջորդ հարցը, որն իր առջև այս տարի կդնի Ազգային անվտանգության խորհուրդը՝ բնական պաշարների արդյունավետ կառավարումն է։ Արթուր Բաղդասարյանը նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո բնական պաշարների լուրջ հետազոտություն չի իրականացվել և այս տարի մտադիր են առաջ քաշել ՀՀ բնական պաշարների ռազմավարությունը։
Հաջորդ կարևոր խնդիրն ըստ նրա՝ վերաբերվում է կենսաբանական անվտանգությանը։ «Սա լրջագույն խնդիր է, որը ողջ աշխարհին է հուզում, այդ թվում նաև ՀՀ-ին»,-ասաց նա։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ուշադրություն կդարձվի տարբեր տեսակի թափոնների ոչնչացմանը, այդ թվում նաև ատոմակայանից աշխատանքից առաջացած թափոնների։
Այնուհետև նա անդրադարձավ մյուս ծրագրերին, ըստ որի ՝ կշարունակվի արդիականացնել հայ-վրացական սահմանը՝ Բագրատաշեն- Բավրա-Գոգավան, որի համար միայն հայկական կողմին աշխատանքի համար կտրվի 20 մլն եվրոյի դրամաշնորհ։
«Մենք նպատակ ունենք ներդնել 0 բյուրոկրատական քաշքշուկ. այսինքն՝ քանի րոպե պետք է կանգնի մարդատար մեքենան, բեռնատար մեքենան, լինի հստակ ժամկետային սահմանափակում՝ կապված բեռի հետ։ Այրումում վագոնների համակարգի ներդրում կլինի, և կգործի մեկ կանգառ–մեկ պատուհան համակարգին անցնելու սկզբունքը»,-ասաց նա։
«Այս տարի անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգմամբ՝ աշխատանքներ կսկսենք հայ-իրանական սահմանի արդիականացման ուղղությամբ, որի համար եվրոպացի գործընկերների շնորհիվ 500 հազար եվրո կհատկացվի, որպեսզի սահմանային անցակետ կառուցվի»-ասաց Արթուր Բաղդասարյանը և ավելացրեց, թե սահմանի արդիականացմամբ պետք է բացառվի թմրանյութերի անցկացման փորձերը։
ԱԱԽ քարտուղարի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում կստեղծվի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ պայքարի ազգային կենտրոն։ «Այսօր թմրամիջոցների դեմ պայքարին պետք է լուրջ ուշադրություն դարձնել»,-ասաց նա և նշեց, որ կստեղծվի նաև կիբեր հանցագործության և կիբերանվտանգության դեմ պայքարի ազգային կենտրոն։ 2014 սեպտեմբերի 1-ից իր գործունեությունը կսկսի ՀԱՊԿ ակադեմիան և կանցկացվի միջազգային անվտանգության խորհրդաժողով։










