Կալիֆոռնիայում երաշտի պատճառով դադարեցվել է 25 միլիոն մարդու ջրամատակարարումը

15:27 • 01.02.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները որոշում են կայացրել, որի համաձայն State Water Project ջրամբարի ջրամատակարարումը կդադարեցվի՝ տարածաշրջանում շարունակվող երաշտի պատճառով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Time ամերիկյան ամսագրին:

 

State Water Project ջրամբարների համակարգն ապահովում է նահանգի մի շարք շրջանների ջրամատակարարումը: Ջրամատակարարումը վերջին ժամանակներում իրականացվում էր ռեկորդային ցածր մակարդակներում: Դրա պատճառը դարձել է հերթական երաշտը: Կալիֆոռնիայում արդեն մի քանի տարի է երաշտ է, ինչը զգալիորեն սպառել է նահանգի ջրային ռեսուրսները:

 

Ուրբաթ նահանգի Ջրային ռեսուրսների վարչությունը որոշում է կայացրել ամբողջովին դադարեցնել ջրամատակարարումը State Water Project-ի ռեզերվներից: Այդ քայլի պատճառով մոտ 25 միլիոն մարդ, որոնք ապրում են գյուղական շրջաններում 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ստիպված կլինեն ջրի այլ աղբյուրներ գտնել:

 

Ավելի վաղ նահանգապետ Ջերի Բրաունը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով: Նա կոչ էր արել նահանգի բնակիչներին ջրի օգտագործումը կրճատել 20 տոկոսով: