Նյու Յորքում գտնվող Cartier ոսկերչական խանութից 700.000 դոլարի ժամացույց են տարել

09:43 • 01.02.14

Նյու Յորքի կենտրոնում հինգ հանցագործ ցերեկը ներխուժել է Cartier ֆրանսիական ոսկերչական ընկերության խանութ և գողացել 710 հազար դոլարի 16 ձեռքի ժամացույց, հաղորդել են տեղի ոստիկանությունից, գրում է Взгляд-ը:

 

Անզեն պահակին, ով փորձել է նրանց խոչընդոտել, հանցագործները պարզապես հրել են մի կողմ, իսկ խանութում գտնվող աշխատակիցներն ու գնորդներն էլ չեն հասցրել միջամտել:

 

«Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ մարդիկ անգամ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում»,- նշել են ոստիկանության ներկայացուցիչները:

 

Երբ տեղ են հասել ոստիկանության աշխատակիցները, գողերն արդեն հեռու են գտնվել, և նրանց գտնել չի հաջողվել: Ինչպես պարզել են իրավապահները, դեպքից րոպեներ առաջ հանցագործները նույնկերպ փորձել են թալանել մոտակայքում գտնվող մեկ այլ ժամացույցի խանութ: Նրանց, սակայն, պահակը ներս չի թողել:

 

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, հանցագործներին հաջողվել է այդքան հեշտությամբ թալանել Cartier խանութը մասնավորապես այն պատճառով, որ Մանհեթենի շատ ոստիկաններ այդ ժամանակ գտնվել են թաղամասի այլ հատվածում, որտեղ ապահովում էին հանրային միջոցառման անվտանգությունը: