Հայաստանում 2013-ին աճել են հանցագործ կանանց ու անչափահասների թիվը. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ-ի ընթացքում Հայաստանում աճել են հանցագործություն կատարած կանանց և անչափահասների թիվը: Եթե 2012թ-ին հանցագործություն գործած անչափահասների թիվը կազմել է 349, ապա նախորդ տարի` 352:
Ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ ոստիկանության տրամադրած ամփոփ տվյալների հիման վրա:
Նախորդ տարվա ընթացքում հանցագործություն կատարած 352 անչափահասներից 72-ը 14-15 տարեկաններն են, իսկ 280-ը` 16-17 տարեկաններ:
Ավելացել է նաև հանցագործ կանանց թիվը: Եթե 2012թ-ին նրանց թիվը կազմել է 1420, ապա 1 տարվա ընթացքում նրանց թիվը ավելացել է 193-ով և 2013-ին կազմել 1613:
Թեև հանցագործ կանաց և անչափահասների թիվը նախորդ տարի 2012-ի հետ համեմատած ավելացել է, սակայն եթե դիտարկենք երկու տարիներին գրանցված ընդհանուր անձանց թիվը, որոնց մեղսագրվում են հանցագործություններ, ապա կտեսնենք, որ դրանք նախորդ տարի նվազել են. 2012-ին` 11 719 հանցագործ, 2013-ին` 11 446 հանցագործ:
Ինչ վերաբերում է հանցագործությունների թվին, ապա դրանք ևս նախորդ տարի 2012-ի համեմատ ավելացել են 2557 դեպքով և կազմել` 18 հազ. 333 դեպք:
Երևան քաղաքում նախորդ տարվա 12 ամիսներին գրանցվել է 9553 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 7999-ի համեմատ:
Մարզերում ամենաշատ թվով հանցագործությունները գրանցվել են Կոտայքում՝ 1408 դեպք, իսկ ամենաքիչը Վայոց Ձորում՝ 172 դեպք:










