Ազատության հրապարակում նշում են Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը
Ազատության հրապարակում այսօր նշում են «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը՝ «գինի լից» խորագրով։
Շանթ Հարությունյանի կողմնակիցներն այդ նպատակով հրապարակ են բերել Հայաստանի եռագույնը խորհրդանշող մեծ տորթ, որի վրա «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրություն։
Տորթի ողջ երկայնքով տեղադրված են Շանթ Հարությունյանի հետ այդ օրը տեղի ունեցած միջադեպի մասնակիցների, ինչպես նաև ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի լուսանկարը։
Թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը պետք է նշվեր գինիով, սակայն Ազատության հրապարակ բերվել է մանկական շամպայն, քանի որ ոստիկանները թույլ չեն տվել զանգվածային միջոցառման ժամանակ ալկոհոլային խմիչքի օգտագործումը։
Ազատության հրապարակում ներկա են ինչպես ակտիվիստներ, այնպես էլ քաղաքական գործիչներ, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագհ Միքայել Հայրապետյանը, ազատամարտիկ, ընդդիմադիր գործիչ Սարգիս Հացպանյանը և այլոք։
Ազատության հրապարակում լսվում են Պարույր Հայրիկյանի, Արթուր Մեսչյանի, ինչպես նաև ազգային–ազատագրական երգեր։










