Հռոմի պապին հրավիրել են «հակաքրիստոնեական» ֆիլմի դիտմանը

16:07 • 02.02.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրավեր է ստացել ներկա գտնվելու հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանն առաջադրված «Ֆիլոմենա» վիճահարույց ֆիլմի փակ դիտմանը, որը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհի կաթոլիկների շրջանում։


Ինչպես նշում է Daily Mail-ը, անգամ ամերիկացի կինոքննադատների մի մասը նշել է, որ ֆիլմը «ատելությամբ լցված հարձակում է քրիստոնեության դեմ»։


Աղբյուրը նշում է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի համար հնարավոր է, որ Վատիկանում կազմակերպվի դրամայի փակ ցուցադրությունը։ Ֆիլմի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ այժմ իրենք միջնորդի օգնությամբ բանակցում են Վատիկանի հետ՝ ֆիլմն այնտեղ ցուցադրելու համար։
 

«Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված ստեղծագործությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն պատմում է ոմն Ֆիլոմենա Լիի մասին, ով անցած դարի 50-ական թվականներին հարկադրաբար բաժանվել է իր 3-ամյա որդուց. վերջինին իռլանդացի միանձնուհիները վաճառել են մեկ այլ ընտանիքի։


«Մենք լիահույս ենք, որ Պապը, դիտելով ֆիլմը, իրեն հատուկ խոհեմություն կցուցաբերի ու ճիշտ տպավորություն կստանա դրանից՝ ազդելով ֆիլմի նկատմամբ ամբողջ աշխարհում մարդկանց վերաբերմունքի վրա»,- ասել է ներկայացուցիչը։