Վուդի Ալենի որդեգրած աղջիկը նրան մեղադրել է իր դեմ սեռական ոտնձգությունների համար

10:01 • 02.02.14

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը` Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է իր դեմ սեռական ոտնձգությունների համար:

Ֆերոուն բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում հայտնել է, թե ոտնձգությունները տեղի են ունեցել բազմիցս ու նաև սարսափելի մանրամասներ է նկարագրել:

Դիլան Ֆերլոուն գրել է նաև, թե Հոլիվուդը պետք է ամաչի Ալենին մեծարելու համար: Նա, մասնավորապես, կոչ է արել Ալենով հիացող Սքարլեթ Յոհանսոնին ու Քեյթ Բլանշեթին մի պահ մտածել, որ իր փոխարեն կարող էին նրանք լինել:

Նա
ասել է, թե փորձել է թաքնվել խորթ հորից, սակայն Ալենը միշտ կարողացել է գտնել նրան: Ֆերոուն պնդում է, որ ոտնձգությունները ազդել են նրա մտավոր առողջության վրա, անգամ ինքն իրեն կտրվածք է պատճառել:

Հետաքրքրական է, որ 1992-ին Ալենի նախկին կինը` դերասանուհի Միա Ֆերոուն, նրան մեղադրել էր Դիլանի դեմ սեռական ոտնձգություն թույլ տալու համար: Հետաքննություն էր սկսվել, սակայն դատախազը որոշել էր գործ չհարուցել Ալենի դեմ, քանի որ Դիլանը չափազանց փխրուն է եղել:

Այն ժամանակ Ալենը հերքել էր մեղադրանքները` ասելով, թե նախկին կինը պարզապես չարացած է իր սիրավեպից: Ալենը սիրավեպ էր սկսել իր որդեգիր դստեր Սուն Յիի հետ, որի հետ հետագայում ամուսնացել էր: