Դավադիր վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ. Գալուստ Սահակյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի որոշման մասին

15:42 • 03.02.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դավադրություն է որակում ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ խորհրդարանական ընդդիմության միջև ծագած անհամաձայնությունները, որոնց պատճառով նրանք հրաժարվում են մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով նախատեսված աշխատանքներին։


«Դավադիր վերաբերմունք են դրսևորում ԱԺ աշխատանքին ու իրենք իրենց հանձնառությունը չեն իրականացնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Գալուստ Սահակյանը, այդուհանդերձ, համոզված է, որ հաշվիչ հանձնաժողովը, որը ինչպես այսօր պարզվեց, բաղկացած է լինելու միայն կոալիցիոն խմբակցությունների անդամներից, կարող է՝ նորմալ է գործել ու իրականացնել իր աշխատանքները:


«Քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար, մենք նախկինում համաձայնության էինք եկել ընդդիմության մեր գործընկերների հետ, որ տարաձայնություններ չլինեն ու իրենք հանձնաժողովի անդամ լինեն»,– ասաց նա։


«Գիտեք, որ նախկինում կազմավորվում էր հավասար հարաբերակցությամբ՝ ով քանի տոկոս ձայն է վերցրել: Իսկ հիմա խնդիրը ծագեց ոչ թե քվեարկության քարտերի գողացման կամ ձեռքով քվեարկելու արդյունքում, այլ, որ դրանից հետո մարդիկ փորձեցին 70 հոգանոց խմբակցությանը թելադրել, որ չորս հոգով կարող են հավաքվել, հանձնաժողովի նախագահ ընտրել և հասարակության էլ ներկայացնել ,որ իբրև թե իրենք գործ են անում՝ չմտածելով, որ ամեն նստաշրջանից առաջ Հաշվիչ հանձնաժողովը նորից պետք է ձևավորվի»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:


Ինչ վերաբերվում է տեսակետին, թե դրանով փորձ է արվում ընդդիմությանը զրկել հերթական փոքր լծակից, Գալուստ Սահակյանը նշեց, որ Հաշվիչ հանձնաժողովը որևէ բան որոշելու խնդիր չունի։


«Ընդդիմության գործողությունների արդյունքում նախադեպ է ստեղծվում, որ հանձնաժողովի անդամները կարող են անել այնպես, որ չընտրվի հանձնաժողովի նախագահ, տեղակալ: Այնպես է արված, որ ժամանակավոր հանձնաժողովը պարզապես ֆիքսում է եղելությունը, ոչ թե որոշումը»,- ասաց պատգամավորը: