2013թ. գրանցվել է կոտրվածքի մոտ 50 հազ. դեպք, ձմռանն աճել է փողոցում գրանցված կոտրվածքների թիվը. մասնագետ

11:35 • 03.02.14

2013թ.-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է կոտրվածքի մոտավորապես 50-52 հազ. դեպք, ինչը մոտավորապես նույնն է 2012-ի կամ 2011-ի հետ համեմատած: Այս ցուցանիշները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը: Բժիշկը, սակայն, նկատեց, որ դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի կեսերը փողոցում գրանցված կոտրվածքները անհամեմատ շատ են եղել նախորդ տարիների հետ համեմատած:

 

«Եղանակային պայմանների և փողոցների սառույցի հետևանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում: Այս պահին թվեր չեմ կարող նշել, բայց դրանք միանշանակ շատ են եղել: Ձմռանը քայլելիս ցանկալի է, որ պայուսակը լինի ուսին, ձեռքերը ազատ լինեն, որ ընկելիս հնարավոր լինի պաշտպանվել: Նախընտրելի չեն բարակ և բարձր կրունկները, բարակ ներբանները: Ներբանը պետք է լինի խորդուբորդ, որ չսահի»,-ասաց նա:

 

Բժիշկն այնուամենայնիվ նշեց, որ փողոցում գրանցված կոտրվածքները բոլոր կոտրվածքների մեջ երկրորդ տեղում են, առաջին տեղում են կենցաղային պայմաններում առաջացած կոտրվածքները, երրորդ՝ արտադրական, հետո սպորտային, ճանապարհատրանսպորտային և այլն:

 

Ռուբեն Գալստյանը նաև նշեց, որ աշխարհում կոտրվածքների պատճառով գրանցվող մահացությունները կազմում են 10%, Հայաստանում այն չի անցնում 8.5%-ը:

 

«Պետք է նշել, որ կոտրվածքներից մահերի թիվը կրճատվել է ընդհանուր առմամբ, քանի որ մարդիկ հիմա ավելի հաճախ են դիմում բժշկի, քան դա փորձում լուծել տնային պայմաններում»,-ասաց նա: