Քլինթոնը դեմ է հանդես եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է հանդես եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Ավելի վաղ գործող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Թեհրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցները։
Նախօրեին Իրանը ստացել է Արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից առաջին տրանշը՝ ուրանի հարստացման գործունեության կրճատման մասին պայմանավորվածության շրջանակներում, հաղորդում է rbcdaily.ru-ն:
Քլինթոնի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են խաչ քաշել միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների վրա: Մասնավորապես՝ նախկին պետքարտուղարը կոչ է արել Կոնգրեսին հետաձգել նման միջոցների կիրառումը: Այդպիսով՝ Քլինթոնն աջակցել է նախագահ Բարաք Օբամային:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Իրանն արդեն սկսել է հարստացված ուրանի մի մասի ոչնչացումը և դադարեցրել է ցենտրիֆուգների տեղադրումը հետագա հարստացման համար:
«Մանրազնին ստուգումների օգնությամբ աշխարհը գիտի, որ Իրանը միջուկային ռումբ չի ստեղծում»,- ասել էր Օբաման: Դրա հետ մեկտեղ՝ Ջոն Քերին անվտանգության հարցերով Մյունխենի վեհաժողովին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:










